Վահանանց պատերազմ

Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով: Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը: Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում: Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում: Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե’ Հայոց եկեղեցու և թե’ հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում:

Հայ նախարարությունը խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացող նախարարներին: Նախարարների միջավայրում աճում էր փոխադարձ թշնամանքը: Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում: Հարկերը նորից ծանրացան: ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Ապստամբության սկիզբը: Ակոռիի հաղթանակը

Վահան Մամիկոնյան

Վահան Մամիկոնյան

481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը: Վախթանգ թագավոը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանին և ապստամբել: Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը: Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական: Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Ապստամբների համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել ազատագրական շարժումը: Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ:

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ: Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը: Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում: Պետք էր համախմբել ոժերը քանի որ պարսիկները պատրաստվում էին 482թ. գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ներսեհապատի ճակատամարտը: Ապստամբության հետագա ընթացքը

Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ:

Մարտը սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով: Հայոց բանակի աջ թևի զինվորները չդիմացան և նահանջեցին: Բայց անսասան մնաց կենտրոնական զորագունդը, որին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը: Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում: Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց: Շուտով գույժ ստացվեց Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:

Հայ-վրացական բանակում միասնություն չկար: Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը: Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը: Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:

Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին: Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք: Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին: Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին:

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից: Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների:

484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը: Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ: Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց: Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները: Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային: Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին: Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը:

485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ: Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը: Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց: Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց: Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *