Պահանջմունքեր

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *