Հեթումյաններ

Հեթումյանները իշխանական տոհմ էին, որի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խուսափելով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ)։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը: Հեթումյանների տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ իշխանը, որը Լաբրոնը թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատին։ Սմբատի դուստրը ամուսնացել էր Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբոր՝ Վասիլի հետ։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ մարտում Սմբատը սպանվեց, իսկ Օշին Բ-ն գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։

Ստեփանեի սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելով և որդուն` Հեթումին պատանդ թողնելով` ազատվեց գերությունից։ Հեթումը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից, իսկ 1175 թ–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201 թ–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց կռվի գրավեց Լաբրոնը։ Հեթումը դարձավ կրոնավոր՝ Հեղի անունով։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։ 1126 թ–ին Կոստանդինը որդուն՝ Հեթումին պսակեց Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս։ Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի միասնությունից ծնվեց ինը զավակ։ Հեթում Ա-ն եւ Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր եւ չորս որդի՝ Լևոն, Թորոս, Ռուբեն, Վասակ։ Վասակը մահացել է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թ. Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնը գերի է ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մելքունը պապի հորդորով թողնում է արքունիքը և տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *